ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՜ր

Ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՜ր
13.01.2024 | 20:44

Չգրվեցին։ Գիրը չգրվեց, լալկվեց, չգրվեց․․․

Բառերը խամրեցին, ցավից մարեցին․

Չգրվեցին։ Խոսք չդարձան։

Միտքը պապանձվեց,

չարափառությունը հրավառվեց։

Կեցցե՛ հրավառությունը։

(Մեղա՜, Տե՛ր, մեղա՜ )։

Չգրվեցին։ Ինչե՜ր չգրվեցին

ու դեռ չեն գրվում․․․

Հազար-հազար երազ սպանվեց, մոխրացավ,

որ թշնամու երազը հրավառվի, ցնծա․․․

Կեցցե՛ հրավառությունը։

(Մեղա՜, Տե՛ր, մեղա՜ )։

Հողի շուրթը ճաքեց։ Ցավից ճաքեց․

էդքան անմեղ երազ իր գիրկը տվին,

թողին գնացին․․․

ՈՒ քանի երազ է թափառում անհույս․․․

Ի՞նչ են փնտրում անհույս երազները՝

չգիտեն։

(Ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՜ր)։

Քանի՜ հարս չպտղեց․

քանիսի՞ պտուղը լույս աշխարհ չեկավ,

ո՛չ ծնունդ գրվեց, ո՛չ անուն դրվեց,

էլ ի՞նչը գրվեր․․․ Ոչինչ չգրվեց։

(Մեղա՜, Տե՛ր, մեղա՜ )։

Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

Գծանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 5955

Մեկնաբանություններ